ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի համար 1.5 միլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը

Armenpress 13:12, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի եւ վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:

«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների  պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից  ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների,  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումն ապահովելու հարցում», - ասել է Քոքսը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am