ՀԽՀԿ-ն Արցախում Համահայկական խաղերի բացմանը ՀՀ երեք նախագահների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել

Armenpress 21:12, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, թե կոմիտեն որևէ տեղ, որևէ ձևաչափով հանդես չի եկել օգոստոսի 6-ին Արցախում Համահայկական խաղերի բացմանը ՀՀ երեք նախագահների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ նշված է. «Ի պատասխան  «Ժամանակ» օրաթերթի հունիսի 18-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակման, այն է՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը», Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ տեղ, որևէ ձևաչափով նման հայտարարությամբ հանդես չի եկել»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am