ԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ

Armenpress 18:30, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով վերջերս Արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվող լարվածությանը և առաջիկայում Վաշինգտոնում ԱԳ նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին:

«Այն, որ տարիներ շարունակ Բաքուն փորձել է լարել իրավիճակը հանդիպումներից առաջ, կարծում եմ՝ նորություն չէ: Այնուամենայնիվ, կուզեի այդ ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որ չփորձեն մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, չփորձեն չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, չփորձեն մեր խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ»,-ասաց Հայրապետյանն ու կոչ արեց վերադառնալ կառուցողական և բանակցային դաշտ:

Այսքանով պատգամավորը խաղաղություն մաղթեց բոլորին և բարի ու անփորձանք ծառայություն՝ բոլոր զինծառայողներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am