«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը

Armenpress 14:35, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում`հունիսի 19-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

Համերգի ընթացքում խումբը կներկայացնի երաժշտություն` Եվրոպայից մինչև Աֆրիկա, ինչպես նաև քսանմեկերորդ դարի հեղինակների ստեղծագործություններ:

«Ամադինդա» խմբի անդամների վիրտուոզությունը և երաժշտական մեծ կարողությունները ոգեշնչել են քսաներորդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյունքում ստեղծվել են հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդա» խմբի համար: «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am