ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության հարցը

Armenpress 11:36, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը կարծում է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքում կոնկրետ խախտումները համակարգային քննության առարկա դարձնելուց շարունակաբար հրաժարվել է: Նրա գնահատմամբ՝ դա ամենազգալի վնասն է հասցրել դատարանի հեղինակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց և տեսլականը ներկայացրեց Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

«ՍԴ-ն իր հեղինակության նկատմամբ ամենազգալի վնասը կրել է ընտրական վեճերով իրականացված արդարադատության արդյունքում իր կայացրած որոշումների հետևանքով: ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից և արդյունքում այլ իրավասու ատյանների կողմից կայացված որոշումներով է հիմնել իր դատողությունները: Այդ գործելաոճը դատարանը սկսել է նույնիսկ մինչ սահմանադրական փոփոխությունները: Դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրությունների արդյունքում կոնկրետ խախտումները համակարգային քննության առարկա դարձնելուց »,-ասաց Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ ինչպես ասում էին միջնադարյան փիլիսոփաները՝ դատարանը պետք է քննի իշխանության երիկամները, մնացած բոլոր ատյանների կողմից կայացված որոշումները պետք է քննվեն: Բոլոր ատյանների  կողմից կայացված որոշումները պետք է չընդունվեն որպես վերջնական դատողություններ փաստերի վերաբերյալ:

Գրիգորյանի խորին համոզմամբ սահմանադրական ավանդույթի կամ օրենքի կարգավորման առարկա պետք է դառնա, մասնավորապես, ՀՀ քաղաքացիների տարբեր հատվածների ներգրավվածությունը ՍԴ-ում: «ՍԴ-ի կազմի համար մեկ թեկնածուն պետք է առաջադրվի ՀՀ-ից, մյուսը՝ Արցախի իրավաբանական համայնքից, մյուսը՝ սփյուռքից: ՍԴ-ն կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, լինելով  բոլոր դատարանների մեջ ամենաքաղաքականը և բոլոր քաղաքական մարմինների մեջից իրավունքի տրամաբանությամբ  և Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով առաջնորդվող ատյանը, որն իր մեջ կարող է ներառել բոլոր այս հատվածները»,-եզրափակեց թեկնածուն:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: Նրան առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: ՀՀ նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am