Արմեն Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին

Armenpress 10:06, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդի տարեկան ժողովում նախորդ մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած նիստի սկզբում իր ելույթում նախագահն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հատկապես Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին:

«Այս տարին այդքան դյուրին չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Տարվա սկզբում ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել և վերականգնել հիմնադրամի բարի անունը և համբավը: Այս իմաստով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին և հիմնադրամի անձնակազմին՝ նորընտիր տնօրենի գլխավորությամբ: Նաև բոլոր նրանց, ովքեր տեղերում գործեցին հստակ և շիտակ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, բացասաբար չեն ազդել հիմնադրամի հետագա գործունեության վրա:

«Անցած մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունից հետո, որի վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականը, այնուհանդերձ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018թ. հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20%-ով, իսկ նվիրատվությունները շարունակվում են նաև այսօր»,- նշեց Սարգսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am