Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Armenpress 16:46, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար այցելել են Երուսաղեմ և այժմ մինչև վերադառնալը ցանկանում են նաև հաղորդակցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբությանն ու զորությանը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը: Այցից իրենց տպավորությունները ներկայացրին նաև ուխտավորները:

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հայորդիներին, անդրադարձ կատարեց տարեսկզբին Ավստրալիա կատարած իր հովվապետական այցին` փաստելով հայ համայնքի հայաշունչ և եկեղեցասեր կյանքի մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մելբուռնի հայ համայնքի համախմբվածությունն իրենց հոգևոր հովվի շուրջ` նշելով, որ հոգևորականի այդչափ սիրված լինելն է երաշխիքը համայնքի պայծառության և հայկական ինքնության պահպանության:

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում և դրան միտված բազմապիսի ծրագրերի իրականացումը:

Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ այս ճամփորդությունն առավել պետք է զորացնի հայորդիներին իրենց հավատքի մեջ, որպեսզի վերադառնալուն պես առավել նախանձախնդրությամբ շարունակեն իրենց ազգային առաքելությունը և բարի օրինակ լինեն իրենց զավակների համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am