Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

Armenpress 10:30, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ  ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական եւ մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:

Նա նաեւ նշել է, որ իրավական գործոններից զատ իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան: «Ես բազմիցս եղել եմ Շուշիում եւ հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»,- գրել է նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am