Լուկա Յովիչը երազում է «Ռեալ»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճելու մասին

Armenpress 15:45, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ, հարձակվող Լուկա Յովիչը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական հեռուստաալիքին՝ ընդգծելով, որ շատ ուրախ է աշխարհի մեծագույն ակումբի մասնիկը դառնալու համար:

«Մեծ հաճույք է կրել Ռեալի մարզաշապիկը: Սա ֆանտաստիկ է, երազանքս իրականություն դարձավ: Ինձ համար մեծ հաճույք է այս ակումբը ներկայացնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Յովիչը:

Նա հայտնել է, որ իր գործակալ Ֆալի Ռամադանին սեղանին է դրել «Ռեալ»-ի առաջարկը, որն ինքն անմիջապես ընդունել է:

«Ես շատ մոտիվացված եմ, ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել: Հույս ունեմ կկարողանամ թիմին օգնել Չեմպիոնների լիգայի ավելի շատ գավաթներ նվաճելու հարցում: Իմ երազանքը Չեմպիոնների լիգայում հաղթելն է»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ հույս ունի պատմություն կերտել իսպանական Լա լիգայում:

Լուկա Յովիչը խոսել է նաև «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին: «Կասկած չկա, որ Կարիմ Բենզեման վերջին տասնամյակի լավագույն հարձակվողներից մեկն է: Երբ նա Ռեալի ֆուտբոլիստ դարձավ, ես ընդամենը 11 տարեկան էի: Ես նրա կատարմամբ շատ գոլեր եմ տեսել, հետևել նրա մասնակցությամբ շատ խաղերի և ինձ համար մեծ պատիվ է լինել նրա թիմակիցը: Ես հույս ունեմ շատ բան սովորել նրանից».,- նշել է սերբ հարձակվողը:

Հարցազրույցի վերջում Յովիչը դիմել է «Ռեալ»-ի երկրպագուներին.

«Պայմանագիր ստորագրելով Ռեալի հետ ես իրականություն դարձրեցի իմ երազանքը: Ես հույս ունեմ մեծ արդյունքների հասնել հաջորդ մրցաշրջանում: Ես շատ հուզված եմ և անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին»,- ասել է Լուկա Յովիչը:

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am