Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Armenpress 15:12, 15 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները հունիսի 14-ին տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգելից վերաբերմունք է դրսևորել հասրակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am