Ծառուկյանը հորդորում է Միհրան Հարությունյանին մասնակցել ընտրանու հավաքներին

Armenpress 17:47, 14 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Տոկիոյի խաղերին կմասնակցի միայն ազգային թիմի հավաքներին, միջազգային մրցաշարերում ուղեգիր նվաճելու դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Եթե նա ուժեղ է և ցանկություն ունի, թող գա մասնակցի հավաքներին և գնա մրցումների: Ուրիշ մեկը չի կարող իր փոխարեն ուղեգիր նվաճել, իսկ  ինքը գնա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկի փոխարեն»,-ասել է նա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ավելի վաղ պատասխանելով Միհրան Հարությունյանի հայտարարությանը, թե Ջուլֆալակյանը չէ, որ պետք որոշի թիմի կազմն ու ինքը պետք է մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին, շեշտել էր, որ մարզիկը պարտավոր է մասնակցել ընտրանու ուսումնամարզական հավաքներին, այլ ոչ թե «նստի տանը»:

Ռիոյի օլիմպիական խաղերից ի վեր Միհրան Հարությունյանը 3 տարի շարունակ ըմբշամարտի ոչ մի մրցաշարի չէր մասնակցել, միայն նախորդ ամիս Սոչիում մեկ գոտեմարտ անցկացրեց: Հարությունյանն իր ուժերն է փորձում մարտեր առանց կանոններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am