Ծանրորդ Վարազդատ Լալայանը  կմասնակցի Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը  

Armenpress 15:29, 13 Հունիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ծանրորդ Վարազդատ Լալայանը  կմասնակցի Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այս մասին հունիսի 13-ին  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեց Վարազդատ Լալայանի  մարզիչը:

Հունիսի 8-ին Ֆիջիի մայրաքաղաք Սուվայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության գերծանր՝ 109 կգ-ից բարձր քաշային կարգում երկամարտի 419 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց գյումրեցի 20-ամյա ծանրորդ Վարազդատ Լալայանը: 

Մարզպետը  շնորհակալություն հայտնեց  Վարազդատի անձնական մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանին՝ աշխատանքի համար: «Մեզ համար մեծ հպարտություն է այսպիսի ձեռքբերում ունեցող երիտասարդի հետ հանդիպելն ու խոսելը որպես շիրակցի: Շիրակի մարզի մասին ավելի շատ խոսում են տարբեր հոգսերի ու խնդիրների մասով, և երբ մեր երիտասարդ մարզիկների մասին ենք խոսում, բոլորիս մոտ այն հույսն ու ոգին է արթնանում, որ մենք ամբողջապես շտկելու ենք մեր մեջքը: Քո հաղթանակն  այն հիասքանչ առիթներից է, որ մեզ՝ շիրակցիներիս կրկին հնարավորություն է տալիս հպարտանալու, գլուխ գովելու: Վստահ եմ՝ մենք դեռ հանդիպելու ենք, որ նշենք քո նոր հաղթանակներն ու ձեռքբերումները»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշեց  մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետը հուշանվերներ հանձնեց մարզիկին ու մարզիչին և հաջողություն մաղթեց Վարազդատին հոկտեմբերի 19-27-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am