Խնամատար ընտանիքներում երեխայի դաստիարակության համար ֆինանսական միջոցների չափը նախատեսվում է սահմանել ամսական 60.8 հազար դրամ

Armenpress 12:37, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ ՀՀ-ում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաստատվեցին, մասնավորապես, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը:

«Կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը: Որոշմամբ, մասնավորապես, երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Նրա խոսքով, երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերն առաջարկվում է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am