Ռոուհանին հուսով Է, որ Ճապոնիայի վարչապետի այցը բեկումնային կդառնա երկու երկրների հարաբերություններում

Armenpress 12:04, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուս Է հայտնել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը բեկումնային կդառնա Թեհրանի եւ Տոկիոյի հարաբերություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Իրանը մեծ կարեւորություն Է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության զարգացմանը, եւ մենք հուսով ենք, որ ներկայիս այցը բեկումնային կդառնա Թեհրանի եւ Տոկիոյի հարաբերություններում»,- Ռոուհանիի խոսքը մեջբերել Է գործակալությունը: Նա ընդգծել Է, որ Իրանը շահագրգռված Է կապերի զարգացմամբ, հատկապես տնտեսական ոլորտում: Ռոուհանին դրական Է արձագանքել Իրանի հարավային նահանգների նախագծերում ներդրումներ իրականացնելու ճապոնական կողմի ցանկությանը: «Թեհրանը ողջունում Է ճապոնական ներդրումները Չաբահար նավահանգստի եւ Մեկրան ափամերձ գոտու շրջանում»,- նշել Է նա: Սինձո Աբեն պաշտոնական այցով Թեհրան Է ժամանել հունիսի 12-ին՝ դառնալով 41 տարվա ընթացքում Ճապոնիայի՝ Իրան այցելած առաջին վարչապետը: Ճապոնիայի կառավարության՝ Իրան այցելած վերջին ղեկավարը եղել Է Տակեո Ֆուկուդան: Դա տեղի Է ունեցել 1978 թվականին՝ դեռ նախքան շահի տապալումը եւ իսլամական հանրապետության կազմավորումը: Այսպիսով, Աբեն դարձել Է Ճապոնիայի՝ իսլամական հանրապետություն այցելած առաջին վարչապետը: Այցի ընթացքում, որը կտեւի հուլիսի 12-ից մինչեւ 14-ը, պլանավորված են Ճապոնիայի վարչապետի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Ճապոնիայի վարչապետի այցն ընթանում Է Տոկիոյի երկու գործընկերների՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պայմաններում, որը տեղի Է ունենում ամերիկյան հակաիրանական պատժամիջոցների խստացման եւ ռազմական լարվածության աճի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am