Գերազանցել հեղափոխական ցուցանիշները. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ավելի քան 13 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել

Armenpress 10:18, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ,  12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում:

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել:

Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով»,- գրել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am