Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով

Armenpress 10:05, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։

Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական  տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, արտահանվող  հիմնական ապրանքները և ուղղությունները, համադրելի հնարավորությունները և համագործակցության հնարավոր ոլորտները։

Դեսպանը նշել է, որ հեռանկարային ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել։

Կողմներն անդրադարձել են փոքր և միջին ձեռներեցության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը և տեղեկացրել, որ շուտով Տաջիկստանի ամենամեծ համայնքներից մեկից գործարար պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հաջող փորձը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am