Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Armenpress 15:24, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին է ներկայացրել իր աշխատանքի ուղղությունները, գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք իրականացվում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Արման Թաթոյանը դեսպանին է փոխանցել իր շնորհակալական խոսքը այս տարվա հունվար ամսին Կարագանդայում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի արագ արձագանքի համար՝ ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խնդրանքի:

Թիմուր Ուրազաևը կարևորել է Պաշտպանի դերը մարդու իրավունքների, մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանության և իրավունքների լիարժեք իրացման տեսանկյունից՝  հրավիրելով Արման Թաթոյանին մասնակցելու 2019 թվականի աշնանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում կազմակերպվելիք երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային բարձրաստիճան համաժողովին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտել զարգացնել երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am