Դատարանը հունիսի 7-ին կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը

Armenpress 18:05, 6 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հունիսի 6-ին ընթացավ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց հետո՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել էին դատախազին, բողոքը մերժվել էր, որից հետո նրանք դիմել են դատարան:

Դատարանը հեռացավ խորհրդական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակի հունիսի 7-ին ժամը 12:20-ին:

Ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am