Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ

Armenpress 14:32, 6 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ  Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առ­թիվ։

Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցություն ծավալելու հա­մար։

Մեծապես արժևորում ենք Շվեդիայի ակտիվ աջակցությունը Հայաս­տա­նում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ հաշվի առնելով Ձեր երկրի մեծ փորձն այս կարևոր ոլորտում։

Բարձր գնահատելով Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդ­լայն­ված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը՝ լիահույս ենք, որ այն նոր հնարավորություններ կընձեռի երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am