Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպանին

Armenpress 13:01, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործեունությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։

Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է ԵԱՀԿ նախագահության կողմից մշակվող մի շարք ծրագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են աջակցություն տարածաշրջանային ստարտափ կազմակերպություններին: Դեսպանի խոսքով՝ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և երկխոսության հաստատմանը,  գործարարների միջև շփումներին համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրներին, մաքսային անցակետերի խոչընդոտներին և հնարավոր կարգավորումներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am