Արցախի պետական նախարարն ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 13:37, 1 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մարզական կարևոր միջոցառումն ամրապնդելու է Արցախի և Աբխազիայի մարզական ու մշակութային կապը՝ այդ բնագավառներում հետագա շփումներն ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարով: «Սպորտը միավորելու հատկություն ունի: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն էլ, Արցախը ճանաչելի դարձնելուց բացի, արցախցիներին ու հյուրերին իրական տոն պարգևելու նպատակ ունի»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն հույս է հայտնել, որ տոնն իրականում կհաջողվի և պատրաստակամություն է հայտնել խորացնելու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման վերջում  երկուստեք կարևորվել է նաև փոխադարձ այցերի ակտիվացումը:  

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակությունը Ստեփանակերտում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am