Մենք արժանիորեն դարձանք Հայաստանի չեմպիոն. Վարդան Մինասյան

Armenpress 20:47, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ իր թիմն արժանիորեն է դարձել Հայաստանի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մինասյանը փաստեց, որ տուրի կենտրոնական և չեմպիոնական խաղում «Արարատ-Արմենիա»-ն անթերի գործեց:

«Մենք արժանիորեն դարձանք Հայաստանի չեմպիոն: Եթե մենք այսօր չեմպիոն ենք, ուրեմն արժանի ենք դրան: Մեր հանդերձարանում տոնական մթնոլորտ էր, քանի որ խաղացողների մեծամասնության համար սա առաջին չեմպիոնությունն է»,-ասաց Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Բանանց»- մարզադաշտում, որտեղ տանտերերը մրցեցին «Արարատ-Արմենիա»-ի հետ: «Արարատ-Արմենիա»-ին միայն հաղթանակ էր պետք Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Մեկնարկային րոպեներին ակնհայտ պայքար էր ծավալվում յուրաքանչյուր փոխանցման և խաղային դիրքի համար: Թիմերի ամեն գրոհի ավարտին կամ իր դիրքում էր դարպասապահը, կամ պաշտպաններն էին լավ գործում: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Անտոն Կոբյակոն: Ի վերջո, «Բանանց»-ին խաղի ընթացքը բեկել չստացվեց և առաջին տարին բարձրագույն խմբում մրցելով՝ «Արարատ-Արմենիա»-ն դարձավ հաղթող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am