ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է

Armenpress 13:52, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  «Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե կլինեն համացանցում նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։

Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ «Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», - հայտարարել էր Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am