Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Armenpress 10:35, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը:

Նիստը հոբելյանական է. լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչում:

«Ի շնորհիվ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական հեռատեսության, ռազմավարական տեսլականի, հնարավոր եղավ իրականություն դարձնել Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը, որը հետագայում վերափոխվեց տնտեսական և աշխարհաքաղաքական լանդշաֆտի:  Հաշվի առնելով իր պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նուրսուլթան Նազարբաևին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչում»,-նիստին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի անունից շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ նախաձեռնության, իսկ գործընկերներին միասնական աջակցության համար:

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվելու են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am