«Ոսկե ծիրան» և «Սուդեստիվալը» կինոփառատոնները համատեղ ծրագրեր են իրականացնելու

Armenpress 19:20, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» կինոփառատոնները համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման  հուշագիրը կնքեցին մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում: 

Ըստ հուշագրի` կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:

«Իտալիայում մասնակցել եմ «Սուդեստիվալին» և հիացած եմ տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

«Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման առանձնահատուկ շեշտեց, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են` կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է: «Միմյանց ճանաչելու համար նշանակալի է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչն էական է նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,-ասաց Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:

Մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում:

Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։ Երկու փառատոնների միջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, ով ևս ներկա էր ստորագրման արարողությանը: «Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-շեշտեց դեսպանը:

Իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am