ՔԿ-ն երկու անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար

Armenpress 16:53, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վարդենիս քաղաքի երկու բնակիչներ նախնական համաձայնության են եկել համաքաղաքացու առանձնատնից թանկարժեք իրեր, գումար հափշտակելու հարցի շուրջ:

Այդ նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 17-ին երեկոյան մետաղե ամրանի գործադրմամբ բացել են համաքաղաքացու առանձնատան պատուհանը, մտել տուն և հափշտակել է 1.307.470 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, 50 վրացական լարի, ինչպես նաև «Արարատ» տեսակի կոնյակ՝ տանտերերին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վարդենիս քաղաքի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:         

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am