Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության ևս մեկ միջոցառում

Armenpress 10:46, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։

Նախորդ համապետական մաքրության միջոցառումների արձանագրումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հուշում են, որ աղբահավաքության աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է բանուկ և մարդաշատ հատվածներից զատ հայացք ուղղել նաև ոչ մարդաշատ և բնակավայրերից հեռու գտնվող տարածքներին։

Փոխնախարարը մարզպետների տեղակալներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի համար մշակել մաքրման ենթակա տարածքների առցանց քարտեզներ, գոտիավորման սխեմաներ, ձևավորել մաքրման աշխատանքների համակարգման խմբեր։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am