Մեյը խոստացել Է Brexit-ի մասին բիլլի նոր տարբերակը հրապարակել մայիսի 24-ին

Armenpress 18:23, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի մասին բիլլի նոր տարբերակի տեքստը, որը ներառում Է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը՝ մայիսի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներին հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

«Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԶԼՄ-ների համար սահմանավակումների շրջանի ավարտից հետո ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի մասին օրենքը կհրապարակվի ուրբաթ օրը, որպեսզի համայնքների պալատին առավելագույն հնարավոր ժամանակ տրամադրվի այն հանգամանորեն ուսումնասիրելու համար»,-ասել Է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նաեւ հավելել Է, որ եթե խորհրդարանը այդ օրենքին հավանություն տա ամառային արձակուրդ գնալուց առաջ, Միացյալ Թագավորությունը «ԵՄ-ն կլքի մինչեւ հունիսի վերջը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը մայիսի 21-ին ներկայացրել Է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը: Դրանում ներառված Է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար:

Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել Է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին: Համայնքների պալատում քվեարկությունը, ինչպես հայտարարվել Է ավելի վաղ, պետք Է կայանա հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետի կողմից առաջարկված զիջումներով: Ավելի վաղ Reuters-ը հայտնել Է, որ վարչապետը նամակ Է ուղարկել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին, որում կոչ Է արել ընդդիմությանը՝ փոխզիջման գնալ եւ խորհրդարանում պաշտպանել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին օրինագիծը:

«Brexit-ի մասին օրինագիծը դա անելու մեր վերջին շանսն Է: Ես կոչ եմ անում փոխզիջման գնալ, որպեսզի մեր երկու կուսակցությունները հասնեն այն բանին, ինչը խոստացել են իրենց հռչակագրերում, եւ վերականգնեն վստահությունը քաղաքականության նկատմամբ»,-գրել Է Մեյը Քորբինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am