ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը կներկայացվի Ստանիսլավ Զասի թեկնածությունը. նա կպաշտոնավարի հաջորդ տարվանից

Armenpress 18:14, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու Ստանիսլավ Զասի թեկնածությունը 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար»,- ասաց Նաղդալյանը։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am