Յագլանդը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ԵԽ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին

Armenpress 18:07, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽ պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հայաստանում:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:

«Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին»,- ասվում է ԵԽ հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am