Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում բարձրացել են աշխատավարձերը

Armenpress 17:26, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք բարեփոխումներ են իրականացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Իրականացված բարեփոխումների արդյունքում միջինը 10.7 տոկոսով բարձրացվել է աշխատավարձը ՊՈԱԿ-ի բոլոր հաստիքային միավորների մոտ, ինչպես Երևանի գլխամասային, այնպես էլ մարզային կառույցներում: Ընդհանուր առմամբ աշխատավարձերը բարձրացել են 6-25 տոկոսով»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը: 

Նրա խոսքով` ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՏՄ անդամակցության շրջանակում ստացել է 197 մլն 209 181 ՀՀ դրամի սկզբնական արժեքով սարքավորումներ և հարակից պարագաներ:

«Այսպիսով` հնարավորություն է ստեղծվել ներդնել ցիտոհիսթոլոգիական հետազոտություններ, մոնիթորինգային ծրագրերի շրջանակներում 68 մետաղի առկայության արագ որոշում, պեստիցիդների և դեղամիջոցների մնացորդային քանակների արբիտրաժային մեթոդներ: Դրանք հետագայում ծրագրավորվում է ներառել նաև միջազգային ձևաչափի ISO 17025-2010 ստանդարտով հավատարմագրման ոլորտում»,- ընդգծեց Ավետիսյանը:

ՍԱՏՄ ղեկավարը շեշտեց, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի կողմից կենդանիների հիվանդությունների ախտորոշման մասով 710.500 հետազոտության փոխարեն իրականացվել է 879.187-ը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am