Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի. ուսանողների մի մասն իր անհամաձայնությունն է հայտնում

Armenpress 17:17, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի պաշտոնում ընտրվեց միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողների մի մասը դեմ է արտահայտվում ընտրության արդյունքներին` փակելով համալսարանի ելքն ու մուտքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` բուհի խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը նշեց, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 14 կողմ, 9 դեմ և 1 թերթիկ անվավեր է ճանաչվել:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնեց, որ ԵԹԿՊԻ-ի տարածքում են գտնվում նաև ոստիկանության ներկայացուցիչները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մի մասը պահանջում է Լիլիթ Արզումանյանի ինքնաբացարկը: Ուսանողներն ուզում են` հայտարարվի մրցույթ, որպեսզի այլ թեկնածուներ նույնպես առաջադրվելու հնարավորություն ունենան: Լիլիթ Արզումանյանը մայիսի 21-ին ուսանողների հետ զրույցում նշել էր, որ մայիսի 20-ին ներկայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, զրուցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ` ընդգծելով, որ ցանկանում է ինքնաբացարկ հայտնել: Ռեկտորի թեկնածուի ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել Լիլիթ Արզումանյանը, Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը:  Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը մերժում են ստացել Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից այն հիմնավորմամբ, որ նրանց տվյալները  չեն համապատասխանում ինստիտուտի կանոնադրության 29-րդ կետին: Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am