Բեթշոփերի գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովում բուռն քննարկման առիթ դարձավ

Armenpress 15:17, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բեթշոփերի գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Պատգամավորների առաջարկներով նախագծում փոփոխություններ են կատարվել, սակայն գործադիրը նախագծին հավանություն էր տվել նախնական տարբերակով: Պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է գործունեությունն արգելելու ժամկետը հետաձգել մինչև 2021թ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի և Սիփան Փաշինյանի՝ Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց Ալեն Սիմոնյանը:

Հիմնական քննարկումն ընթացքում գործունեությունն արգելելու ժամկետն ուժի մեջ մտնելու հարցի շուրջ: Քննարկվեց նաև այն հարցը, թե յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերության գործունեության ժամանակավորապես պետք է թույլատրել յուրաքանչյուր վարչական շրջանում, թե ընտրատարածքում:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախ ներկայացրեց նախագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկները: Մասնավորապես հանվել է տարբեր կայքերի արգելափակման դրույթը: «Ալեն Սիմոնյանն առաջարկում էր խաղադրույքներ ընդունելու կետերը` բեթշոփերը արգելել, թողնել մի քանի վայրերում: Սկզբում առաջարկվել է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունենա մեկական կետ, Երևանի ամեն վարչական շրջանում ևս մեկական կետ, հետո քննարկվել է ամեն ընտրատարածքում մեկական կետ ունենալու տարբերակը: Մեկ տարուց հետո աստիճանաբար այդ կետերը պետք է փակվեն, սկզբում դուրս կգան մարզերինը, հետո Երևանում եղածները և երկու տարում ամբողջությամբ կփակվեն բեթշոփերը»,-նշեց Թունյանը:

Սակայն վերջին քննարկումներում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է գործընթացը մեկ տարով հետաձգել: Սարգսյանն առաջարկեց, որ բեթշոփերի մասով օրենքի կիրառումն ուժի մեջ մտնի 2021-ի հունվարի 1-ից, այսինքն` մեկ ու կես տարի ընկերություններին թողնել  աշխատել` շուկայում մոնոպոլիզացված վիճակ չստեղծելու և ավելորդ սոցիալական դժգոհություն չառաջացնելու համար, որից հետո արգելել նրանց գործունեությունը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ժամկետների առումով դեռ պետք է իր գործընկերների հետ քննարկի, քանի որ մտավախություն ունի: «Մեկ տարի ավելի թողնում ենք, որ մարդիկ խաղան, հնարավորություն ենք տալիս, որ մարդկանց ներգրավեն: Առաջարկում եմ ժամկետի հետ կապված առանձին քննարկում անենք»,-նշեց Սիմոնյանը:

Հայկ Սարգսյանը նշեց, որ եթե պայքարում են մոլախաղերի դեմ, առաջին հերթին պետք է պայքարեն օնլայն մոլախաղերի դեմ, քանի որ դրանք մեծ տեղ են զբաղեցնում: «Ալեն Սիմոնյանի նախագծով պայքարում ենք միայն 16.7 տոկոսի դեմ, ինչին ես կողմ եմ, սակայն չեմ ուզում մոռանանք 83 տոկոսին` օնլայն հարթակում գործողներին: Եթե այդ պրոգրեսը շարունակվի, առանց մեր միջամտության երկու տարի հետո բոլոր գրասենյակները փակվելու են, 2010-ից սկսած շատերը փակվել են»,-նշեց նա:

Սիմոնյանը նշեց, որ դեմ չէ ամեն մի վարչական շրջանում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես թողնելու գաղափարին: «Սակայն Դավթաշենը, Նուբարաշենը, Մարաշը բավականին փոքր տարածքներ են և փոքր բնակչություն ունեն` ի տարբերություն Կենտրոնի, Էրեբունի, Արաբկիրի: Առաջարկում եմ ոչ թե ըստ վարչական շրջանների, այլ ըստ ընտրատարածքների թույլատրել դրանց գործունեությունը ժամանակավորապես»,-ասաց նա ու նկատեց, որ ԸՕ-ն ընտրատարածքները բաժանել է մոտավորապես ըստ հավասար բնակչության առկայության:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ կառավարությունը հավանություն է տվել ներկայացրած  նախագծի նախնական տարբերակին: Նա փոփոխությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը չկարողացավ ներկայացրել: «Եթե կան առաջարկներ, որոնք փոխել են նախագծի ողջ տրամաբանությունը, պետք է լրացուցիչ առաջարկություններով գա կառավարություն, քննարկվի բազմակողմանի»,-ասաց փոխնախարարն ու առաջարկեց նախապես ներկայացված առաջարկով  առաջ շարժվել կամ նախագիծը լրացուցիչ առաջարկությունների տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց ևս որոշ դիտարկումներ: Նրա կարծիքով` բուքմեյքերական գրասենյակների փակելը կբերի աշխատատեղերի կրճատման ու իրենց եկամտահարկի մասը պետբյուջե չի վճարվի, սակայն մարդիկ կշարունակեն խաղալ օնլայն տիրույթում: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ մարդիկ  կլինեն, որ իրենց աշխատանքը կկորցնեն և իրենց եկամտահարկի մասը պետբյուջե չի վճարվի, բայց մարդիկ էլ կան, որ իրենց խնայողությունն ու աշխատավարձը դնում են խաղերի մեջ:

Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, որ բուքմեյքերական գրասենյակներում ոչ մասնագիտական աշխատանքով զբաղված է 1345 մարդ, որոնք կկարողանան գտնել աշխատանք: «Բայց այն մարդիկ, որոնք իրենց տները պարտվել են, դժվար կարողանան հետ բերել: 63 հազար մարդ խաղում է, որոնցից 3 հազարը մոլի խաղացողներ են: Գրասենյակներին գործելու լրացուցիչ ժամկետ տալով հնարավորություն ենք տալիս նոր մարդկանց ներգրավել»,-նշեց Սիմոնյանը:

Երկարատև քննարկումներից հետո նիստն ընդմիջվեց, որից հետո քննարկումները կշարունակվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am