Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը նախատեսվածի համաձայն անցկացվելու է մայիսի 22-ին
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը, ինչպես և նախատեսված էր անցկացվելու է այսօր` մայիսի 22-ին:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը:
Ռեկտորի միակ թեկնածուն ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն է:
Օրեր առաջ ինստիտուտի ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել բուհի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս:
Մայիսի 21-ին Լիլիթ Արզումանյանը հանդիպեց թատերական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ իր վեցամսյա հաշվետվությունը ներկայացնելու և նրանց հարցերին պատասխանելու նպատակով:
Հանդիպմանը ուսանողների մի մասը պահանջում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանի ինքնաբացարկը, որպեսզի հայտարարվի այլ մրցույթ և այլ թեկնածուներ նույնպես առաջադրվելու հնարավորություն ունենան:
Իրեն ընդդիմացող և իրեն սատարող ուսանողներին լսելուց հետո Արզումանյանն ասաց, որ կխոսի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ և զրույցի արդյունքների մասին կհայտնի բոլորին:
Երևանի նախկին փոխքաղաքապետ, ԵԹԿՊԻ դասախոս Արամ Սուքիասյանն էլ ուշադրությամբ գործընթացին հետևելուց հետո հայտարարեց, որ նոր մրցույթի դեպքում պատրաստ է դնել իր թեկնածությունը:
Ռեկտորի թեկնածուի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Լիլիթ Արզումանյանը, Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը: Արմեն Հարությունյանը և Վասիլ Գևորգյանը մերժում են ստացել Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից այն հիմնավորմամբ, որ նրանց տվյալները չեն համապատասխանում ինստիտուտի կանոնադրության 29-րդ կետին:
Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: