ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի սկզբունքային մոտեցումը Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Արցախի վերաբերյալ ձևակերպումների հարցում

Armenpress 15:05, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կնքվելիք համաձայնագրում Արցախի վերաբերյալ հակահայկական ձևակերպումների տեղ չգտնելու հարցում ակնկալում է ԵՄ գործընկերների սկզբունքային մոտեցումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումն ամրագրված է փաստաթղթերում: Մենք ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները մեր գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու»,- ասաց Նաղդալյանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանն ու ԵՄ-ն մոտ են բանակցությունների ավարտին. «Վերջերս մենք կարողացանք բանակցությունների առարկա հանդիսացող խնդիրների երեք խմբերի շուրջ համընթաց քննարկում կազմակերպել: Պայմանագրում առկա խնդիրների 90 տոկոսը համաձայնեցված է, և առաջընթացի հնարավորությունները բավական լավն են», - ասել է Մամեդյարովը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am