Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետի հետ

Armenpress 14:23, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մայիսի 20-ին  հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետ, դեսպան Պրիիտ Տուրկին (Priit Turk): 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

Այդ համատեքստում կողմերը քննարկել են միջոցառմանը զուգահեռ հայ-էստոնական թվային համատեղ միջոցառում անցկացնելու, ՏՏ ոլորտում համագործակցությանը միջկառավարական մակարդակ հաղորդելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am