«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք

Armenpress 13:43, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ԱԺ արտահերթ նիստում քննարկել վարչապետի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

«Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-նշված է հաղոդագրությունում:

«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այնուհետև կայացած խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում վարչապետը հորդորեց 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am