ՀՀ իշխանության ճյուղերը պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն Սահմանադրական նպատակներին. Արմեն Սարգսյան

Armenpress 00:10, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով։ Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։

Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:

Աստված պահապան բոլորիս»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am