Մայիսի 20-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Պետական օժանդակությամբ ի՞նչ ծրագրեր են իրականացվում բուսաբուծության ոլորտում, որո՞նք են արդյունավետ, ի՞նչ խնդիրներ են վերհանվել: Այս և այլ հարցերի պատասխանները կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր՝ մայիսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսում: Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյան կներկայացնի մանրամասներ: Նա կանդրադառնա նաև Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրին:

ԵԱՏՄ հնգամյակը եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին. Որո՞նք են եվրասիական տնտեսական ինտեգրման իրողությունները, հաջողությունները եւ հեռանկարները: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կանցկացվի դասախոսություն, որի ընթացքում փորձագետները կանդրադառնան թեմային:

Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները կրթության ոլորտի փորձագետների, պատասխանատուների ուշադրության կենտրոնում են: Այսօր հրավիրված քննարկմանը ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, ոլորտի փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկումները:

Լրագրողների հետ կհանդիպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նորանշանակ տնօրեն Միքայել Բադալյանը, ով կներկայացնի թանգարանի նոր ծրագրերն ու խնդիրները:

Երևանում անցկացված Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանն ու մրցույթի կազմակերպիչները հանդես կգան մամուլի ասուլիսում: Նրանք կանդրադառնան մրցույթի մանրամասներին և կխոսեն հետագա նախագծերից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am