Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ

Armenpress 17:58, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու մշակույթ եք ներկայացնում, պետք է հպարտությամբ ներկայացնեք հայ ազգը»,- նշել է հանրապետության նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենակարևորը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսը: Այս առումով, նա մեծապես կարևորել է սփյուռքի ներուժի օգտագործումն ու հայ ժողովրդի միասնական լինելը: «Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է: Պետք է սովորենք միասին ապրել ու աջակցել իրար: Մենք քիչ ենք, սակայն մեկ ազգ ենք և պարտավոր ենք իրար աջակցել: Առաջնայինը մեր ազգային միասնությունն է: Հաջողության հասնելու այլ ուղի չկա: Սա հաջողության գրավականներից մեկն է»,- ասել է նախագահ Սարգսյանը: Որպես հաջողության մյուս գրավական՝ Հանրապետության նախագահն առանձնացրել է ազնիվ ու նվիրված աշխատանքը: Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը կարևորել է նոր սերնդին բարձրակարգ կրթությամբ ապահովելը՝ որպես ավելի ամուր ու վստահելի ապագայի երաշխիք: «Մենք ունենք հարստություն, դա մարդկային հարստությունն է, դա դուք եք և ձեր երեխաները: Ինձ համար շատ էական է հաջորդ սերունդը: Մենք դպրոցից սկսած պետք է կարողանանք երեխաներին ճիշտ կրթել: Որպես նախագահ՝ իմ պարտականությունն եմ համարում առաջնորդել ժողովրդին որոշակի հստակ տեսլականներով: Եվ տեսլականներից առաջինն այն է, որ երկրում երեխաների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի ամենաառաջնայինը: Վաղը հայրենիքը պաշտպանող զինվորն այսօրվա երեխան է: Որպեսզի նա կարողանա վաղը երկիրը պաշտպանել, պետք է ունենա ամենավերջին տեխնոլոգիան, քանի որ հրացանով չի պաշտպանելու, այլ դրոններով: Ու դրա համար պետք է ճիշտ կրթություն ստացած լինի: Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը: Իսկ որպեսզի դրոն արտադրի, պետք է ունենա բարձրորակ կրթական համակարգ՝ մանկապարտեզից մինչև համալսարան»,- նշել է նա: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ 21-րդ դարը հայերի դարն է, և մենք ունենք հնարավորություն ու ներուժ՝ դառնալու հաջողակ ազգ: Ելույթի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը լսել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am