Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն պահանջողների ակցիան անցավ սակավամարդ

Armenpress 15:42, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կենդանասերներն անցկացրեցին «Պահանջում ենք քրեական պատասխանատվություն» խորագրով քաղաքացիական զբոսանք-ակցիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» նախաձեռնության զբոսանք-ակցիայի նպատակն էր հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի խնդրի վրա:

Սակավաթիվ մարդիկ սկզբում հավաքվել էին Ազատության հրապարակում:

«Գիտենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը հիմա լրամշակման փուլում է: Եվ ուզում ենք, որ հասարակությունն ու կառավարության անդամները տեղեկանան, որ կենդանասերները հետևողական են օրենքի լրամշակմանը և կարևորում են այն փաստը, որ մտցվի քրեական պատասխանատվություն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար»,-ակցիայի նպատակը ներկայացրեց նախաձեռնողներից Սիրանուշ Ոսկանյանը:

Նրա կարծիքով՝ միայն դա զսպող օղակ կհանդիսանա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք չցուցաբերելու համար: Սիրանուշ Ոսկանյանը նշեց, որ անձամբ է ականատես եղել նման բազմաթիվ դեպքերի, երբ օրինակ շանը փորձել են երկաթով հարվածել։

Միակ մարդն, ով մասնակցում էր իր շան հետ, Վահագն Այվազյանն էր: Նրա կարծիքով ևս՝ ներկայում կենդանիների պաշտպանության հարցն անտեսված է: Շատ է հանդիպել դեպքերի, երբ կենդանիների նկատմամբ բռնություն են կիրառել: «Ոչ մի կառույց չկա, որ դիմես, ու զբաղվեն այդ հարցերով: Իմ շանն էլ գտել եմ դրսից՝ վատ վիճակում»,-նշեց նա:

Այնուհետև զբոսանք-ակցիայի՝ մոտ մեկ տասնյակի հասնող մասնակիցները քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նախապես հայտարարված էր, որ ակցիային կմասնակցի նաև նախագիծը շրջանառության մեջ դրած՝ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:  Պատգամավորը, ներկայանալով միջոցառման մեկնարկի ժամին, արձանագրեց, որ հավաքը շատ սակավամարդ է, պատշաճ չի կազմակերպվել և հեռացավ՝ առանց մասնակցելու ակցիային:

Խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ էին դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Դրանով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Սակայն կառավարությունը մայիսի 2-ի նիստում, բովանդակային առումով համաձայն լինելով առաջարկի հետ, որոշեց այդ պահին ձեռնպահ մնալ, համատեղ քննարկում իրականացնել և նոր միայն ստեղծել օրենք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am