Հայկական միջազգային ակնաբուժական գիտաժողովը Երևան է բերելու բարձրակարգ մասնագետների տասներկու երկրից

Armenpress 15:29, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի» և «Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի» համատեղ երկրորդ տարեկան ակնաբուժական գիտաժողովին  դասախոսություններով հանդես կգան  մոտ 12 երկրից հրավիրված հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովը, որն անցկացվելու է մայիսի 18-19-ին Երևանի «Իբիս» հյուրանոցում, կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ:

Գիտաժողովին մասնակցելու է ՀՀ առողջապահության նախարարը, Բժշկական համալսարանի ռեկտորը, ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը:

Միջոցառման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում կենդանի վիրաբուժությունը «Live surgery»-ն, որի շնորհիվ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին:

Գիտաժողովը շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս է, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ: Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am