Գեղարդի վանք տանող ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Armenpress 11:58, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակներիկ նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 08:07-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1953 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (ՌԴ քաղաքացիներ Տ.Գ.-ն, ծնված 1962 թ. և Տ.Կ.-ն, ծնված 1952 թ.) հոսպիտալացվել են Գառնիի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am