Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան.  դեսպան Սադոյանը հանդիպել է խորհդարանի փոխնախագահին

Armenpress 19:42, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։

Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշել է, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ասել է, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am