ԱՄՆ դեսպանը հորդորում է սպասել Ամուլսարի հանքի շահագործման ուսումնասիրության արդյունքներին

Armenpress 17:36, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հորդորում է սպասել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության արդյունքներին ու փորձագիտական եզրակացությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ` շատ կարևոր է, որ մենք աշխատենք կառավարության հետ բիզնեսի ներդրումների համար նպաստավոր, թափանցիկ և կանխատեսելի միջավայր ձևավորելու ուղղությամբ, և դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողների համար: «Լիդիան»-ն այդ միջազգային ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքների համապատասխան, և այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարևոր են, և կարևոր է նաև, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման»,- ասաց Թրեյսին:

Մայիսի 11-ին Վայոց ձորի մարզի  Ջերմուկ քաղաքում մեկնարկել էր Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել էին Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն էր աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին: 

Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը:  Նշվում էր նաև, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am