ԼՀԿ-ն բացառում է նախկին իշխանության որևէ ուժի հետ համագործակցությունը

Armenpress 14:43, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի համագործակցի նախկին իշխանության որևէ ուժի, նաև նրանց հետ առնչվող այլ ուժերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում են միանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին:

«Նույնիսկ առանց որևէ քննարկում ունենալու բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը կարող է համագործակցել նախկին իշխանության որևէ ուժի կամ նրանց որևէ կերպ առնչվող ուժերի հետ: Մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել»,-ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին՝ պատգամավորը նշեց՝ կարծում է, որ Քոչարյանը և նրան մոտ գտնվող որևէ ուժ որևէ պարագայում չեն կարող ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը: Իսկ նման գործընթացը Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն ընդառաջ ընդհանուր առմամբ Գորգիսյանը սպասելի է համարում:

Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am