«Սասունցիների պարը» բալետային ներկայացումը բուռն ծափողջյուններով է ընդունվել Ստամբուլում

Armenpress 21:43, 10 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի «Սասունցիների պարը» բալետային ներկայացմամբ Նոր Նորքի հայորդաց տան սաները հաջողությամբ են հանդես եկել Ստամբուլի օպերային թատրոնում` արժանանալով ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստասերների ծափողջյուններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին ներկայացմանը ներկա են եղել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը և այլ հյուրեր: «Հանդիսատեսի վաթսուն տոկոսը հայեր էին, մնացյալը` այլազգիներ:  Ստամբուլի քաղաքապետը, ներկայացումը դիտելուց հետո ասաց, որ Հայաստանից այս ներկայացման միջոցով հայերն իրենց հետ սեր են բերել»,-մեզ հետ զրույցում պատմեց Գրիգոր Խաչատրյանը:

Նրա համոզմամբ`դահլիճում ներկա մարդիկ, որոնք չէին տիրապետում հայերենին, հասկացել են այն: 

Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմի հիման վրա բեմադրված բալետային ներկայացման երաժշտությունը գրել է կանադաբնակ կոմպոզիտոր  Մաժակ Թոշիկյանը:

«Լավ է, որ Թոշիկյանը հայ գրողի ստեղծագործությունն է վերածել երաժշտության, որը շատ ճկուն է և բեմադրիչի համար լայն հեռանկարներ է բացում»,-ասաց Խաչատրյանը:

«Սասունցիների պարը» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին Մայր թատրոնում, հոկտեմբերին` Գյումրիում:

Գրիգոր Խաչատրյանի խոսքով` նախատեսում ենք ներկայացումը հանձնել նաև Ստեփանակերտի արվեստասերների դատին. հնարավոր է` բեմադրությամբ հանդես գան նաև Տորոնտոյում և Մոնրեալում:

Ներկայացման խորեգրաֆներն են Արա Ասատուրյանը և Արման Ջուլհակյանը: Բեմադրության մեջ որպես պատմիչ հանդես է գալիս երգչուհի Գոհար Հովհաննիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am