«Լուսավոր Սահման»-ը բարեգործական ծրագիր է իրականացրել Կոթի և Բերդավան սահմանամերձ գյուղերում

Armenpress 11:04, 10 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններին տրամադրվում են լուսադիոդային (LED) էներգախնայող լամպեր՝ գյուղերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 5-ին գործակալության թիմը մի խումբ կամավորների հետ ուղևորվեց Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բերդավան բնակավայրեր։ Գյուղերի մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսություններին, առանց բացառության, նախատեսվում է բարեգործական սկզբունքով տրամադրվել 5-ական LED լամպեր, որ ենթադրում են հետագա հոսանքի ծախսի շոշափելի խնայողություն։ Այցի արդյունքում լամպեր տրամադրվեցին առաջին խումբ տնային տնտեսություններին և թիրախային արդյունքը կապահովվի մինչև Մայիս ամսի ավարտը։

Լամպերի առավելությունը ոչ միայն էլ․էներգիայի խնայողությունն է (80-90%), այլև լաբորատոր փորձաքննությամբ հաստատված բարձր որակական հատկանիշները՝ երկարատևությունը (~30000 ժամ), դիմացկունությունը ծայրահեղ ջերմաստիճաններին, կարծրությունը, տեսողությանը անվնաս անկման անկյունը և էկոլոգիապես մաքուր լինելը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր կազմակերպել և իրականացնել «Երիտասարդների կարողությունների զարգացում» երկու փուլերով՝ աշակերտների ու ուսանողների տեղեկացվածության մակարդակը էներգախնայողության անհրաժեշտության և երկրի էներգետիկ աղքատության կրճատմանը միտված գործողությունների և հնարավորությունների վերաբերյալ։ Առաջին փուլով իրականացվեց «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարք։

Ծրագրին մասնակցեցին 9 ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ներառյալ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, «Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական» հատուկ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոն։

Երկրորդ փուլում երիտասարդները ներգրավվեցին բուն լեդաֆիկացման միջոցառման մեջ և իրենց գիտելիքները փոխանցեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կամավորների շարքը համալրեցին նաև ծրագրի հավատարիմ աջակից «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ անդամները և այլ կամավորներ։

Ե՛վ սահմանամերձ գյուղերի բնակիչները, և՛ կամավորները անգնահատելի փորձ քաղեցին միջոցառումից, գիտելիքների փոխանակման, միահամուռ զարգացման հեռնկարների քննարկման, հասարակական պատասխանատվության ոլորտում։

Ծրագրի ընթացիկ հատվածի դրամաշնորհն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում լեդաֆիկացման արդյունքում ակնկալվում է հետևյալը՝

1200 LEDաֆիկացված տնային տնտեսություններ (6000 LED լամպ) 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան 50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում 5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

 «Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝

27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ Ավելի քան 5000 տնային տնտեսություններ Ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր 120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն

Սահմանամերձ համայնքները ընտրված են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն Որոշման։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am