Հայաստանում խստացվելու է վարորդական վկայականի ստացման կարգը

Armenpress 20:35, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարորդական վկայական ստանալու համար երթևեկության քննությունները շուտով անցկացվելու են և ավտոհրապարակում, և երթևեկության իրական պայմաններում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

«Մեզ մոտ, օրինակ, երթևեկության քննությունն անցկացվում էր կամ ավտոհրապարակում, կամ երթևեկության իրական պայմաններում: Այժմ նախատեսվում է փոփոխություններ իրականացնել»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ զուգահեռ փոխվելու են նաև որակավորման քննություն ընդունելու ժամանակահատվածները:

Նրա խոսքով՝ վարորդական վկայականի ստացման կարգը ավելի է խստացվելու:

«Վարորդական վկայականների հետ կապված մի շարք աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև ՀՀ-ն ընդունել է պարտավորություն՝ համաձայն որի մինչև հունիսի 1-ը պետք է միանա Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քարտեզներին: Այդ ամենի արդյունքում մի շարք օրենքներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի արտաքին տեսքի և մի շարք այլ հարցերի հետ կապված»,- ընդգծեց ՃՈ պետի տեղակալը:

Տոնոյանը շեշտեց, որ փոփոխություն լինելու է նաև C կատեգորիայի մասով:

«Ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական գործընթաց անցնել, իսկ ներկայիս պահանջով պրոֆեսիոնալ ՝ C կատեգորիայի վարորդները պետք է անցնեն կրթական պրոցեսներով»,- եզրափակեց ՃՈ պետի տեղակալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am