ՀՀ Քաղաքացու օրվա տոնակատարությունը Գավառում անցնում է տոնախմբության, հյուրասիրության ու մաղթանքների պայմաններում

Armenpress 17:05, 27 Ապրիլ, 2019

ԳԱՎԱՌ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցնում է մարզի տարբեր համայնքների բնակիչների մասնակցությամբ, տոնախմբության, հյուրասիրության ու մաղթանքների մթնոլորտում: Ժամը 14-ից մեկնարկել է մարզի արհեստների եւ արվեստների փառատոնը՝ «Տես ու համտես» խորագրով, որի ընթացքում ցուցադրվում է մարզի համայնքների գյուղատնտեսական արտադրանքի եւ ուտեստների տեսականին:

Ինչպես հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, փառատոնին ներկայացել են մարզի 33 համայնք, որոնց տաղավարների շուրջ հյուրընկալվում են տոնախմբության մասնակիցները: Պատվավոր հյուրերը, մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ, միջոցառման բազմաթիվ մասնակիցներ շրջում են տաղավարներով մեկ, շնորհավորում միմյանց, հյուրասիրվում բազմազան ու համեղ ուտեստներով, ջերմ բարեմաղթանքներով բաժանվում:

Ամեն համայնք ներկայացրել է արհեստների եւ խոհանոցի իր տեսականին: Նույն ժամին Գավառի մանկական այգում մեկնարկել ու ընթանում է «STREET ART-Քաղաքը քո աչքերով» խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում մարզի նկարիչները նկարում են պատի վրա: Ժամը 16-ից Գավառի կենտրոնական հրապարակում սկսվել է կինոցուցադրություն՝ « Անկախության կինո» խորագրով, որի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ ու փաստավավերագրական ֆիլմեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը:

Նույն ժամին Գավառի պետական համալսարանում մեկնարկել է երիտասարդական քննարկում՝ «Իրազեկ ուսանող» խորագրով: Միջոցառումներն անցնում են բազմամարդ միջավայրերում, տոնական բարձր տրամադրությամբ եւ կշարունակվեն մինչեւ ուշ երեկոյան:

«Միջոցառումներն անցնում են տոնական բարձր տրամադրությամբ, ինքնաբուխ, հետաքրքիր, աշխույժ մթնոլորտում: Տաղավարներում միմյանց շնորհավորում էին տարբեր համայնքների ներկայացուցիչները, ծանոթանում ու մտերմանում, հասցեներ փոխանակում, մաղթանքներ հղում միմյանց առատ սեղանների շուրջ:

Կարելի է ասել, որ տոնական միջոցառումը սպասվածից ավելի լավ է ստացվում: Տոնախմբության մասնակիցներին երգով ու պարով ողջունում են տարբեր համայնքների գեղարվեստական ինքնագործ խմբերը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am